Մատչելի հղումներ

Մորսին դատապարտել է դատավարության անցկացումը


Մոհամեդ Մորսին պնդում է, թե շարունակում է մնալ Եգիպտոսի նախագահը

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսին դատապարտել է երկուշաբթի օրն իր դեմ սկսված դատավարությունը՝ պնդելով, թե շարունակում է մնալ Եգիպտոսի նախագահը: Նա դարձել է երկու տարվա ընթացքում դատարանի առջև կանգնած Եգիպտոսի արդեն երկրորդ նախագահը:

Դատավարության ընթացքում Մոհամեդ Մորսիի ելույթն իր առաջին հրապարակային խոսքն էր այս տարվա հուլիսին Եգիպտոսի զինված ուժերի կողմից պաշտոնանկ արվելու ժամանակից:

Եգիպտոսում անցյալ տարվա դեկտեմբերին նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանություն և բռնություններ հրահրելու մեղադրանքներով Մոհամեդ Մորսիի հետ միասին անցնում է «Մահմեդական եղբայրության» ևս 14 անդամ:

Մորսիի դատավարությունը սկսվել էր նախատեսվածից ուշ, քանի որ Եգիպտոսի տապալված նախագահը հրաժարվել էր կրել սպիտակ համազգեստը, որը Եգիպտոսի դատարաններում կրում են ամբաստանյալները: Գործը վարող դատավորը, բացի այդ, դատավարության սկզբից հետո քիչ անց ստիպված էր եղել ընդմիջում հայտարարել՝ Մորսիի և այլ ամբաստանյալների կողմից բողոքի կարգախոսներ վանկարկելու պատճառով:

Մոհամեդ Մորսիի և «Մահմեդական եղբայրության» այլ անդամների գործով դատավարությունն անցկացվում է Կահիրեում գտնվող ոստիկանության նույն դպրոցում, որտեղ անցկացվել է տապալված նախորդ նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը:

Եգիպտոսի ուժային կառույցներն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել դատավարության անցկացման վայրի մոտակայքում, որտեղ հավաքվել էին Մորսիի կողմնակիցները՝ արտահայտելու համար իրենց զայրույթը դատավարության անցկացման հանգամանքով, որն իրենց անօրինական են համարում:
XS
SM
MD
LG