Մատչելի հղումներ

Արիզոնա հրշեջների լրացուցիչ ուժեր են ուղարկվել


Արիզոնայում և հարևան Կալիֆորնիա և Նևադա նահանգներում շարունակվում է սովորականից շատ ավելի շոգ եղանակը, օդի ջերմաստիճանը տարածաշրջանում այս օրերին հասնում է ծայրահեղ ցուցանիշների

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում չդադարող անտառային հրդեհների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով այս նահանգ են ուղարկվել ԱՄՆ-ի հրշեջ ծառայության լրացուցիչ ուժեր:

Պաշտոնյաների համաձայն, երկուշաբթի օրը Արիզոնա ուղարկված հրշեջների լրացուցիչ ուժերը գրեթե կկրկնապատկեն նահանգում անտառային հրդեհների դեմ պայքար վարող ավելի քան 200 հրշեջների խումբը:

Արիզոնայում նախօրեին վերահսկողությունից դուրս եկած անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 19 հրշեջ, ինչը անտառային հրդեհների հետևանքով 80 տարվա ընթացքում հրշեջների ամենամեծ կորուստն է Միացյալ Նահանգներում: Բացի այդ, ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունը մեկ օրվա ընթացքում նման մեծ թվով ծառայող չի կորցրել՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:

Աֆրիկայում շրջագայություն կատարող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերոսներ անվանելով զոհված հրշեջներին: Արիզոնայի նահանգապետ Ջեն Բրուերն իր հերթին «իր հիշողության մեջ ամենասև օր» է անվանել հրշեջների հետ տեղի ունեցած ողբերգության օրը՝ նշելով, որ ողբերգության մանրամասները կարող են հայտնի չդառնալ դեռևս բավականին երկար ժամանակ:

Արիզոնայում և հարևան Կալիֆորնիա և Նևադա նահանգներում շարունակվում է սովորականից շատ ավելի շոգ եղանակը, օդի ջերմաստիճանը տարածաշրջանում այս օրերին հասնում է ծայրահեղ ցուցանիշների:
XS
SM
MD
LG