«Հայաստանում ընտրությունների արդյունքում իշխող կոալիցիայի հաղթանակը դրական դեր կունենա երկրի վարկանիշի համար, քանի որ այն կապահովի քաղաքական կայունության և հաջորդականության որոշակի աստիճան»:
Այս մասին հայտնել է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով «Moody’s Investors Service» վարկանիշային գործակալության վերլուծաբաններին:
«Moody’s Investors Service»-ի կողմից այսօր հրապարակված վարկային վարկանիշների ամենշաբաթյա կանխատեսումների մասին զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ աշխարհաքաղաքական տեսակետից զգայուն ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները:
Գործակալությանը Հայաստանի վարկային վարկանիշը գնահատում է Ba2՝ բացասական կանխատեսմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության գնահատականի համաձայն, խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հանգիստ և խաղաղ մթնոլորտում՝ ընդդիմադիր կուսակցությունների և ընտրությունների դիտորդների մասնակցությամբ:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ողջունել էր Հայաստանում համապետական մակարդակի վրա նախկինում անցկացված ընտրությունների համեմատությամբ տեղ գտած բարելավումները:
«Սատարում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների առաքելության եզրակացությունը, որի համաձայն ընտրություններն անցկացվել են «մրցակցային, աշխույժ և մեծ մասամբ խաղաղ: Միաժամանակ կիսում ենք նաև նախընտրական շրջանում և ընտրությունների օրը «անհավասար մրցակցային դաշտի», ինչպես նաև ձայների գնման և ընտրողների նկատմամբ ոչ պատշաճ ճնշում գործադրելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները», - ասել էր ԱՄՆ-ի արտգործնախարարության Եվրոպայի և Եվրասիայի երկրների հարցերով վարչության խոսնակ Ռոբերտ Հիլթընը: