Մատչելի հղումներ

Հաագայում մեկնարկել է Ռատկո Մլադիչի դատավարությունը


Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Միջազգային դատարանում մեկնարկել է բոսնիացի սերբերի ռազմական ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի դատավարությունը՝ Բոսնիայում պատերազմի սկզբից 20 տարի անց:

Մեղադրող Դերմոտ Գրումը չորեքշաբթի օրն ասել է, որ բոսնիացի սերբերի ռազմական ուժերի նախկին հրամանատարը նպատակ էր հետապնդում ազատելու Բոսնիայի որոշ մասեր ազգությամբ ոչ սերբ բնակչությունից:

Ռատկո Մլադիչին ներկայացվելու է 11 մեղադրանք, որոնց թվում են ցեղասպանություն, պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ գործելու մեղադրանքները:

Բոսնիացի սերբերի ռազմական ուժերի 70-ամյա նախկին հրամանատարը մեղադրվում է 1995 թվականին Սրեբրենիցայի սպանդն իրագործելու մեջ, որի ընթացքում սպանվել է 8 հազար մահմեդական տղամարդ և տղա, ինչպես նաև 1990-ական թվականներին բազմաթիվ զոհերի պատճառը դարձած Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի պաշարումն իրականացնելու մեջ:

Հիշեցնենք, որ Ռատկո Մլադիչը ձերբակալվել է անցյալ տարվա մայիսին՝ Բոսնիայի նախկին ղեկավար, ազգությամբ սերբ Ռադովան Կարաջիչի ձերբակալությունից գրեթե երեք տարի անց: Այս երկու անձանց ՄԱԿ-ի դատարանը մեղադրանք է ներկայացրել դեռևս 1995 թվականին:

Փորձագետների կարծիքով, Մլադիչը կարողացել է թաքնվել բազում տարիներ Սերբիայի զինված ուժերի և գաղտնի ծառայությունների կողմից իրեն ցուցաբերված աջակցության պատճառով:

XS
SM
MD
LG