Մատչելի հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագրերը


Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագրերը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացրել են սեպտեմբերի 29-ին Վարշավայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայացած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցը և ներկայացվել համանախագահների աշխատանքային ծրագրերը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում համանախագահները մասնավորապես նշել են.

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, Վարշավայում սեպտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո անցկացվել է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. հանդիպումների նպատակն էր` քննարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Համանախագահները վերահաստատել են նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից Դովիլում մայիսի 26-ին արված հայտարարությանը, որի համաձայն նրանք պատրաստ են աջակցություն տրամադրել կողմերին` նման կարգավորման հասնելու համար»:

«Համանախագահները», - ասված է հայտարարությունում, - «ներկայացրել են գալիք մի քանի ամսվա իրենց աշխատանքային ծրագրերը` ընդհուպ մինչև Վիլնյուսում դեկտեմբեր ամսին կայանալիք նախարարների խորհրդի անցկացումը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ` որպես խաղաղության հասնելու համապարփակ շրջական Հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի տարաձայնությունները սահմանազատելու ուղղությամբ»:

«Համանախագահները բոլոր կողմերին առաջարկելու են իրականացնել զինադադարի պահպանման ամրապնդմանը, շփման գծում մթնոլորտի բարելավմանը և տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանմանը նպաստող մի շարք լրացուցիչ միջոցառումներ», - նշվել է համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները, եզրափակելով իրենց հայտարարությունը, հայտնել են, որ մոտակա ապագայում այցելելու են տարածաշրջանը` աշխատանքային իրենց ծրագրերի իրականացման նպատակով:

XS
SM
MD
LG