Մատչելի հղումներ

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ ԼՂ ընտրությունների վերաբերյալ


OSCE Minsk Group Co-Chairs, OSCE/David Challenger
OSCE Minsk Group Co-Chairs, OSCE/David Challenger

«Հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Ռոբերտ Բրադկեն՝ Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, և Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, «ուշադիր հետևել են Լեռնային Ղարաբաղում 2012 թվականի հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին»:

«Համանախագահներն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին անհրաժեշտ է նման ընթացակարգի միջոցով փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը: Համանախագահներն այնուամենայնիվ նշում են, որ ո՛չ իրենց երեք երկրները, ո՛չ էլ որևէ այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն», - ասված է հայտարարությունում:

«Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը և ղարաբաղյան հակամարտության հարատև և խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ընթացող բանակցությունները», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG