Մատչելի հղումներ

Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին քաղաքական կամք ցուցաբերելու կոչ է արել


Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները Փարիզում՝ Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, մարտ 2011թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Այս հայտարարությամբ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հանդես են եկել հինգշաբթի օրը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի կոնֆերանսի հրավիրման 20-ամյակի կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների կողմից հրապարակված հայտարարությունում հակամարտության կողմերին կոչ է արվել «ցուցաբերել տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք»:

«Տարածաշրջանի ժողովուրդները առավել շատ են տուժել պատերազմի հետևանքներից, և կարգավորման հասնելու հարցում որևէ ձգձգում միայն կերկարաձգի նրանց տառապանքները։ Տարածաշրջանում նոր սերունդ է հասունացել, որը չունի հայերի և ադրբեջանցիների` կողք կողքի ապրելու անմիջական հիշողություն, և այդ արհեստական բաժանումների երկարաձգումը միայն խորացնում է պատերազմի վերքերը։ Այդ իսկ պատճառով հորդորում ենք կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությունը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների կողմից հրապարակված հայտարարությունում։

XS
SM
MD
LG