Մատչելի հղումներ

Թալիբները բազմաթիվ զինյալների են ազատ արձակել Պակիստանում


Հարձակման արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 240 բանտարկյալ, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների իրականացման մեղադրանքներով դատապատրված 25 անձ

Պակիստանում ոստիկանության համազգեստ կրող թալիբ զինյալներ հարձակում են կատարել երկիր հյուսիս-արևմտյան մասում գտնվող բանտերից մեկի ուղղությամբ:

Հարձակումը, որի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 240 բանտարկյալ, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների իրականացման մեղադրանքներով դատապատրված 25 անձ, իրականացվել է ինքնաձիգների և նռնակների կիրառմամբ:

Պակիստանի Խիբեր նահանգի Դերա Իսմայիլ Խան քաղաքում գտնվող բանտի ուղղությամբ իրականացված՝ ավելի քան երեք ժամ տևած հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ներառյալ ոստիկանության չորս ծառայողի, վնասվածքներ է ստացել ոստիկանության յոթ ծառայող:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել Պակիստանում գործող թալիբները, որոնց խոսնակի համաձայն բանտի գրոհն իրականացվել է մոտ 150, այդ թվում՝ ինքնասպան մի քանի զինյալների ուժերով:

Թալիբների խոսնակի համաձայն, հարձակման իրականացումը «հաջողությամբ է պսակվել»:

Պակիստանի իշխանությունների համաձայն, արդեն իսկ հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած մի քանի բանտարկյալի: Դերա Իսմայիլ Խան քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, ոստիկանության և զինված ուժերի ծառայությունները փակել են դեպի քաղաք և քաղաքից դուրս տանող բոլոր ճանապարհները:
XS
SM
MD
LG