Մատչելի հղումներ

Մեխիկոյի միջազգային օդանավակայանում երեք ոստիկան է սպանվել


Մեքսիկայի դաշնային ոստիկանության երեք ծառայող զոհվել է Մեխիկոյի միջազգային օդանավակայանում թմրանյութերի անօրինական առևտրի մեջ կասկածվող ոստիկանության երկու այլ ծառայողների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:

Երկրի իշխանությունների համաձայն, ոստիկանության զոհված ծառայողները երկուշաբթի օրը փորձել են իրականացնել կասկածյալների ձերբակալությունը օդանավակայանի ռեստորանային համալիրում, երբ սկսվեց հրաձգությունը: Ոստիկանության ծառայողներից երկուսը մահացել են տեղում, երրորդը ստացված վնասվածքներից մահացավ հիվանդանոցում:

Կասկածյալներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, և այժմ նրանք գտնվում են ազատության մեջ: Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարության համաձայն, կան կասկածներ, որ այդ երկուսն անդամակցում են կոկաինի անօրինական շրջանառության մեջ ներգրավված պետական կոռումպացված պաշտոնյաների մի մեծ խմբի:

2006 թվականից, երբ Մեքսիկայում նախագահ Ֆելիպե Կալդերոնը հրաման է արձակել երկրի զինված ուժերին վերահսկողություն հաստատել թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղված հանցախմբերի նկատմամբ, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ: Մեխիկոյի օդանավակայանի նման հասարակական վայրերում փոխհրաձգությունները սակայն հազվադեպ են տեղի ունենում:
XS
SM
MD
LG