Մեքսիկայի կենտրոնական շրջանների բնակիչներն վերջերս անհանգստացած են Պոպոկատեպետլ հրաբխի նոր ժայթքման հնարավորությամբ:
Բնական աղետների կանխարգելման ազգային կենտրոնի համաձայն, 5450 մետր բարձրություն ունեցող հրաբխում վերջին մի քանի օրվա ընթացքում անընդհատ բարձրացել է հրաբխային հեղուկի՝ լավայի մակարդակը:
Լավայի մակարդակի բարձրացման պատճառով հրաբխին հարող տարածքը պատվել է շոգիով և հրաբխային մոխիրով:
Տեղի բնակիչների վկայությամբ, «հրաբուխն իրեն շատ ագրեսիվ է պահում և անընդհատ որևէ բան դուրս է նետում»:
Պոպոկատեպետլ հրաբուխը, որը տեղացիներն «Էլ Պոպո» են անվանում, գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 60 կիլոմետր հեռավորության վրա: 1994 թվականին հրաբուխը սկսել էր ծուխ և հրաբխային մոխիր արտանետել, որին հետևել է 2000 թվականին տեղի ունեցած ուժգին ժայթքումը: Ժայթքման պատճառով էվակուացվել են հրաբխի լանջերին բնակվող տասնյակ հազարավոր մարդիկ: