Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը


ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը
ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը

Ամերիկացիները երկուշաբթի օրը հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմներում զոհված զինվորների հիշատակին։

Յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին երկուշաբթի օրը նշվող Հիշատակի օրվա ժամանակ ծաղիկներ են դրվում մարտերում զոհվածների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցվում ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայողներին։ Երկրի տարբեր հատվածներում անցկացվում են հիշատակի արարողություններ, շքերթներ և մարզական միջոցառումներ։

Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Առլինգտոնի ազգային գերեզմանատանը, ինչպես նաև ազգային այլ գերեզմանատներում կամավորականներն ամերիկյան փոքր դրոշներ են տեղադրում յուրաքանչյուր գերեզմանին։

«Rolling Thunder» («Շարժվող որոտ») խմբի հազարավոր անդամներ իրենց մոտոցիկլետներով մուտք են գործում երկրի մայրաքաղաք։ Այս արարողության նպատակն է բարձրացնել իրազեկությունը վետերանների խնդիրների նկատմամբ և հիշել մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողներին։

Մոտոցիկլիստների այս խմբին ուղերձով դիմում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավարը:

Հիշատակի օրը շատերը արձակուրդ են գնում: Այս օրվան նախորդող հանգստյան օրերը համարվում են ամառային արձակուրդների սկիզբ։

Որոշ ամերիկացիներ մտահոգություն են հայտնում այն հանգամանքով, որ հանգուցյալների հիշատակը հարգելու փոխարեն Հիշատակի օրը գնալով նմանվում է ամառային զվարճանքներին նվիրված տոնի։

XS
SM
MD
LG