Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը»


«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Հովարդ Բերմանը և Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված միջսահմանային լկտի հարձակումը, որն իրականացվել է կովկասյան տարածաշրջան ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի այցի վաղ ժամերին, և որի հետևանքով զոհվել է հայ երեք զինծառայող»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրությունում նշվել է, որ «ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամները հորդորել են ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին հանդես գալ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հստակ և աներկիմաստ դատապարտմամբ, մտահոգություն են արտահայտել ԱՄՆ-ի կողմից Ալիևի գնալով ավելի բռնի միջոցների դիմող վարչակարգին սպառազինության վաճառքի վերաբերյալ վերջնական որոշման բացակայությամբ, կոչ են արել խստացնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերաբերյալ թիվ 907 ուղղման սահմանափակումները, և ցավակցություն են հայտնել հարձակման ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին»:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին կոպիտ խախտման պատճառով առավել կարևոր է, որ արտգործնախարար Քլինթընն այս շաբաթ Բաքվում կայանալիք այցի ընթացքում դատապարտի ռազմատենչ այս գործողությունները: Շփման գծի երկայնքով Ադրբեջանի սադրանքներն անմիջապես բխում են Ալիևի վարչակարգի ռազմատենչ հռետորաբանությունից, և դրանք պետք է դադարեցվեն: Մենք պետք է ամբողջությամբ կիրառենք թիվ 907 հոդվածը և արգելենք Ադրբեջանին որևէ սպառազինության կամ երկակի օգտագործման ապրանքների տրամադրումը», - նշել է կոնգրեսական Շիֆը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի Հայաստան կատարվող այցի վաղ ժամերին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընին հասցեագրված հրատապ ուղերձ է հղել, որտեղ հորդորել է արտգործնախարարին խիստ դատապարտության ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումը, որի պատճառով զոհվել է Հայաստանի զինված ուժերի երեք զինծառայող:

XS
SM
MD
LG