Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ-ի ՄԽ նորանշանակ համանախագահին


Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում:

«Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին», ասված է հաղորդագրության մեջ::

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ըստ հաղորդագրության, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:
XS
SM
MD
LG