Մատչելի հղումներ

Մեդվեդև. «Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի նախազգացում է»


Մեդվեդևի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է «քաղաքական անտաղանդ գործիչներին», որոնց չեն ընտրել Ուկրաինացիները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է արտահայտել այն մասին, որ Ուկրաինայում առկա է «քաղաքացիական պատերազմի նախազգացում»:

Մեդվեդևի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է «քաղաքական անտաղանդ գործիչներին», որոնց չեն ընտրել ուկրաինացիները:

«Ուկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկրում առկա է քաղաքացիական պատերազմի նախազգացում: Դա շատ է տխրեցնում», - նշել է Ռուսաստանի վարչապետը:

Դմիտրի Մեդվեդևը կարծիք է արտահայտել, որի համաձայն «ուկրաինական ողբերգության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ օրինական իշխանությունները նույնիսկ չէին փորձում պահպանել կարգուկանոնը երկրում, երբ այնտեղ սկսվել էր պետական մարմինների գրավումը»:

«Ընդհակառակը՝ անօրինական ղեկավարները փորձում են վերականգնել այն կարգը, որը, իշխանության գլուխ կանգնելով զինված ապստամբության արդյունքում, նրանք են լկտիաբար ոտնահարել», - ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Ուկրաինայի ներկայիս իշխանություններն այժմ քաղում են իրենց գործողությունների հետևանքները:

«Խղճուկ վիճակում են սակայն հայտնվել ոստիկանությունն ու բանակը փոխարինած քաղաքական անտաղանդ գործիչների և անպատասխանատու ծայրահեղականների պատանդը դարձած մարդիկ, որոնք չեն ընտրել վերջիններիս: Իշխանության վակուումի հետևանքով քաոս է ձևավորվել», - նշել է Ռուսաստանի վարչապետը:

Համոզվածություն հայտնելով, որ «չկա չարիք՝ առանց բարիք»՝ Մեդվեդևն իր ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ եզրակացրել է, որ շատերի համար այժմ պարզ են դարձել Կիևում իշխանությունը գրավված անձանց իրական մտադրությունները, և, այսպիսով, տեսանելի է դարձել դեպի արդարացի հասարակություն տանող ճանապարհը:

«Այս ճանապարհը կայանում է նրանում, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, օրինական եղանակներով արտահայտի իր կամքը, մասնակցի ժողովուրդների և լեզուների հավասարության վրա հիմնված Ուկրաինայի ժամանակակից պետության ձևավորմանը: Այս ամենը պետք է անի ինքնուրույն: Առանց ինքնակոչների, ազգայնականների և հանցագործների: Առանց հրասայլերի և զրահամեքենաների: Եվ առանց ԿՀՎ-ի տնօրենի գաղտնի այցելությունների», - եզրափակել է ֆեյսբուքյան իր հայտարարությունը Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը:
XS
SM
MD
LG