Մատչելի հղումներ

Ռուսաստանի վարչապետ. «Պատրաստ ենք դիմակայելու նոր պատժամիջոցներին»


Վարչապետ Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը կկարողանա նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները, և որ այն կգործի «ստեղծված նոր պայմաններում»

Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հանդես գալով Ռուսաստանի օրենսդիրների առջև, ասել է, թե երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին:

Ռուսաստանի խորհրդարանին ուղղված ուղերձում Մեդվեդևն ասել է, որ «թույլ չի տա, որ Ռուսաստանի քաղաքացիները պատանդ դառնան քաղաքական խաղերին և ոչ բարեկամական գործողություններին»:

Վարչապետ Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը կկարողանա նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները, և որ այն կգործի «ստեղծված նոր պայմաններում»:

Ռուսաստանի վարչապետը, բացի այդ, վստահեցրել է երկրի օրենսդիրներին, որ իր կառավարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել այլ պետությունների շուկաներում գործունեություն իրականացնելուց կախված ընկերություններին:

Վարչապետ Մեդվեդևի համաձայն, Ռուսաստանը չունի Եվրոպական Միության հետ առևտրի մակարդակը նվազեցնելու ծրագրեր: Նա ասել է սակայն, որ այլ շուկաների հետ համագործակցության շնորհիվ իր երկիրը կարող է նվազեցնել կորուստները:

Միացյալ Նահանգների իշխանությունների ավելի վաղ հայտնել էին, որ նախատեսում են նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսատանի նկատմամբ, եթե Մոսկվան չձեռնարկի Ուկրաինայի արևելքում լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր:

Վաշինգտոնն ու Եվրամիությունը Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ արդեն իսկ կիրառել են ճանապարհորդության արգելքներ և ֆինանսական ակտիվների սառեցում:
XS
SM
MD
LG