Ռուսաստանի նախագահի օգնականներից Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «կարող է իր թեկնածությունը դնել» 2012 թվականի նախագահական ընտրություններում։
Նրա կարծիքով, Մեդվեդևը ցանկանում է պաշտոնավարել ևս մեկ ժամկետ՝ իր օրակարգում առկա նախաձեռնություններն ավարտին հասցնելու նպատակով։ Նա սակայն չի մանրամասնել, արդյոք այդ մասին վերջնական որոշում ընդունվել է, թե ոչ։
Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը նախկինում հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք հայտնելու են, թե ում թեկնածությունն է դրվելու հաջորդ ընտրություններում։
Դվորկովիչն ասել է, թե երկու ղեկավարների միջև հարաբերությունները «կառուցողական» են, նշելով, որ նրանք ընկերներ են։
Կան սակայն կարծիքներ, որոնց համաձայն, Մեդվեդևն առաջնորդի դերում զիջում է Պուտինին։
2008 թվականին Դմիտրի Մեդվեդևը ավելացրել էր նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ դարձնելով այն վեց տարի, ինչը հաճախ դիտվում է որպես նախագահ վերընտրվելու հարցում օժանդակություն Պուտինին։