Մատչելի հղումներ

4,5 մլն դոլարի չափով դեղորայքի նվիրատվությունը ժամանել է Հայաստան


«Դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4,5 մլն դոլար, ժամանել է Հայաստան՝ Ամերիկայի կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում»:

Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում, որի համաձայն մաքսազերծման գործընթացից հետո, դեղամիջոցներն առաքվել են ԱՄՆ-ի գործընկեր «Միջազգային օգնություն և զարգացում» (IRD) կազմակերպությանը՝ հետագա բաշխման համար:

«Միջազգային օգնություն և զարգացում» կազմակերպությունն արդեն տասներկու տարի է, ինչ աշխատում է Հայաստանի տեղական կլինիկաների հետ՝ բաշխելով անվճար դեղամիջոցներ հասարակության առավել խոցելի խմբերին, այդ թվում նաև տարեցներին և երեխաներին», - նշվում է հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության, այս առաքումը, որը նվիրաբերվել է ամերիկյան ընկերությունների կողմից, խոշորագույններից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում և ընդգրկում է մեծ պահանջարկ ունեցող դեղորայք, որը նախատեսված են հիպերտոնիա, շաքարախտ և այլ հիվանդությունների բուժման համար:

«ԱՄՆ-ի արտգործնախարարությունը տրամադրում է մարդասիրական աջակցություն նախկին Խորհրդային Միության երկրներին 1992 թվականից: Այն բազմակողմանի է և ներառում է տարբեր ապրանքների, դեղամիջոցների և սննդի նվիրատվություն, ինչպես նաև փոքր վերանորոգման ծրագրեր: Մինչ օրս Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնությունը գնահատվում է ավելի քան 410 միլիոն դոլար», - եզրափակում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG