Մատչելի հղումներ

ՄըքՔեյն. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հսկա հետևանքներ է ունենալու


«Միացյալ Նահանգները պետք է արմատապես վերագնահատի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունները և առավել կոշտ դիրքորոշում զբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ»

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի սենատոր Ջոն ՄըքՔեյնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է արմատապես վերագնահատի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունները և առավել կոշտ դիրքորոշում զբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ:

Հանրապետական սենատորը շեշտել է, որ խոսքը չի գնում Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունների իրականացման մասին, սակայն «առկա են բազմաթիվ հնարավորություններ, որոնք պետք է ձեռնարկի Միացյալ Նահանգները»:

Նման հնարավորություններից են, ըստ սենատոր ՄըքՔեյնի, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ընդունումը, Ուկրաինայի զինված ուժերին օժանդակության տրամադրումը, Ուկրաինա էներգակիրների ներմուծման ավելացումն ու Արևելյան Եվրոպայում հակաօդային պաշտպանության ստեղծման վերսկսումն է:

Ամերիկյան «Սի-Էն-Էն» հեռուստաընկերության եթերում հանդես եկած սենատոր ՄըքՔեյնը, որը նոր է վերադարձել Կիևից, ասել է, որ նման գործողությունների է անհրաժեշտ դիմել այն պատճառով, որ, ըստ սենատորի, «միայն Ասված գիտի, թե ինչ է նախատեսում անել Վլադիմիր Պուտինը հետագայում՝ Ղրիմը գրավելուց հետո»:

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի սենատոր Ջոն ՄըքՔեյնը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանի ներխուժումն Արևելյան Ուկրաինա կդառնա այնպիսի խախտում, որը կարող է ունենալ հսկա հետևանքներ և դառնամ Միացյալ Նահանգների և Եվրոպայի չափազանց կտրուկ արձագանքի պատճառը:

Սենատոր ՄըքՔեյնը գլխավորել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այս երկրի ժամանակավոր կառավարության առաջնորդների հետ բանակցություններ անցկացնող ԱՄՆ-ի սենատորների պատվիրակությունը:

Կիևում սենատոր ՄըքՔեյնն ասել էր, որ իր խորը մտահոգությունն են առաջացնում Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ Ռուսաստանի զինված ուժերի կուտակումն ու այնտեղ անցկացվող զորավարժությունները՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում Միացյալ Նահանգներն ու եվրոպական իր դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ նախատեսում են կիրառել այնպիսի միջոցառումներ, որոնք նախկինում երբևէ չեն կիրառվել:

Հանրապետական սենատոր ՄըքՔեյնը «կեղծիք» էր անվանել Ղրիմում անցկացվող հանրաքվեն, իսկ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիք Դուրբինը՝ «խորհրդային եղանակով անցկացվող ընտրություններ», որոնց արդյունքները կանխավ հայտնի են:
XS
SM
MD
LG