Մատչելի հղումներ

ՄըքՔեյն. «Եգիպտոսը ջանքեր է գործադրում ամերիկացի ակտիվիստների գործը լուծելու ուղղությամբ»


ՄըքՔեյն. «Եգիպտոսը ջանքեր է գործադրում ամերիկացի ակտիվիստների գործը լուծելու ուղղությամբ»

«Եգիպտոսը վստահեցրել է, որ ջանքեր է գործադրում լուծելու Վաշինգտոնի հետ ունեցած իր վեճը, որի հիմքում ընկած է Եգիպտոսում անօրինական աշխատելու մեղադրանքներով ժողովրդավարության կողմնակից ամերիկացի ակտիվիստներին դատարանի առջև կանգնեցնելու հնարավորությունը»:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը, որը գլխավորել է Եգիպտոսի ռազմական իշխանության ղեկավար, ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիի հետ Կահիրեում անցկացված բանակցությունները:

ՄըքՔեյնը «զգույշ լավատեսություն» է արտահայտնել այն մասին, որ ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների դեմ ներկայացված քրեական մեղադրանքները հնարավոր կլինի լուծել «բավականին արագ»:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները գալիք կիրակի օրը նախատեսում են մեկնարկել ժողովրդավարության 43 ջատագովի դատավարությունը, որոնց մեղադրում են Եգիպտոսում աշխատելու և առանց թույլտվության օտարերկրյա պետություններից ֆինանսական միջոցներ ստանալու մեջ: Ակտիվիստների թվում է 19 ամերիկացի, ներառյալ ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Ռեյ ԼաՀուդի որդի Սեմ ԼաՀուդին:

ԱՄՆ-ի պաշտոնատար որոշ անձինք և օրենսդիրներ նախկինում զգուշացրել են Եգիպտոսին այն մասին, որ դատավարությունը մեկնարկելու դեպքում երկիրը կարող է զրկվել Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող տարեկան 1,3 միլիարդ դոլար ռազմական օգնությունից:

Սենատոր ՄըքՔեյնն ասել է նաև, որ Եգիպտոսին սպառնալիքներ ներկայացնելն արդյունավետ չէ: Նրա համաձայն, այս երկրի պաշտոնատար անձանց հետ իր գլխավորած պատվիրակության հանդիպումների ընթացքում մասնակիցները փորձել են գտնել ընդհանուր շահեր և համագործակցության եզրեր՝ «ռազմական իշխանությունից դեպի ժողովրդավարություն դժվարին անցման գործում»:

ԱՄՆ-ի պատվիրակության անդամները հանդիպում են անցկացրել նաև Եգիպտոսի օրենսդիրների և երկրի մահմեդական ամենահզոր կազմակերպության՝ «Մահմեդական եղբայրության» անդամների հետ, որի քաղաքական կուսակցությունը երկրում անցյալ ամսվա վերջին ավարտված բազմափուլ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երկրի նորակազմ խորհրդարանի տեղերի մեծ մասը: ԱՄՆ-ի սենատորների համաձայն, «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչները խոստացել են վերանայել հասարակական կազմակերպությունների գործունեության համար բազմաթիվ խոչընդոտներ ստեղծող օրենքը, որը ամերիկացի ակտիվիստներին մեղադրանքներ ներկայացնելու պատճառն է դարձել:

XS
SM
MD
LG