Մատչելի հղումներ

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի փոխտնօրենը կայցելի Հայաստան


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը հոկտեմբերի 2-ից 4-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հաղորդագրության համաձայն, 2006 թվականին ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011 թվականին սեպտեմբերի 29-ին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի մոտ 177 միլիոն ԱՄՆ-Ի դոլար:

Հաղորդագրությունում նշվում է, որ «ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում»:

«ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցել ավելի քան 45000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ-Ի դոլարի վարկեր», - նշվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի Հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG