Մատչելի հղումներ

Աշխարհում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը


Ցույցերի և երթերի ժամանակ աշխատավորները պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավել աշխատանքի պայմանները

Աշխարհի տարբեր պետությունների աշխատավորներն այսօր դուրս են եկել փողոցներ՝ ցույցերով և երթերով նշելու համար Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, որոնց ժամանակ պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավել աշխատանքի պայմանները:

Հունաստանում Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան նվիրված արհեստակցական միությունների կողմից կազմակերպված գործադուլի հետևանքով խաթարվել է դեպի Հունաստանի բազմաթիվ կղզիներ տանող լաստանավային ծառայությունը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատանքն Աթենքում: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել արդեն բավականին երկար կիրառվող ֆինանսական խիստ խնայողության միջոցներով:

Իսպանիայում, որտեղ գործազրկության ցուցանիշները հասել են 27 տոկոսի, անցկացվում են ցույցեր, որոնց մասնակիցները կոչ են արել փոխել երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը:

Ֆիլիպիններում ցուցարարները երթ են կազմակերպել երկրի մայրաքաղաք Մանիլայում: Երթի մասնակիցները պահանջել են, որ կառավարությունը պահպանի իրենց աշխատատեղերը, ինչպես նաև դադարեցնի պայմանագրային աշխատանքի կիրառման պրակտիկան, քանի որ պայմանագրային աշխատողները չեն ստանում նույն իրավունքները, ինչ լրիվ դրույքով աշխատողները:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում չորեքշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների և դեպի քաղաքի Թաքսիմ հրապարակ երթով անցնող ցուցարարների միջև:
XS
SM
MD
LG