Մատչելի հղումներ

Արդյո՞ք մարիխուանան դեղամիջոց է


Արդյո՞ք մարիխուանան դեղամիջոց է
Արդյո՞ք մարիխուանան դեղամիջոց է

Մարիխուանան ամենատարածված ոչ օրինական դեղամիջոցն է Միացյալ Նահանգներում. 15 նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում դրա օգտագործումը օրինական է միայն բժշկի թույլտվությամբ: Արդյոք դա հիվանդություն բուժող դեղ է թե թմրամոլության հանգեցնող դեղամիջոց։

Քըրթ Նադսընն ներշնչում է բժշկական մարիխուանա: Նա այն ընդունում է ամեն օր՝ ախորժակը բարելավելու համար: ՄԻԱՎ և հեպատիտ ախտորոշվելուց հետո նրա համար քաշը պահպանելը լուրջ խնդիր է:

Բժշկի կողմից տրված դեղատոմսով Քըրթը կարող է գնել ամեն տեսակ մարիխուանա: Դա օրինական է իր և 15 այլ նահանգում:

Շոն Գինդին, ով մարիխուանայի պահեստ է ղեկավարում, ասում է, որ իր հաճախորդներից շատերը ցավազրկման խիստ կարիք ունեն:

Նոր ուսումնասիրությունը պարզել է, թե ինչպես է բժշկական մարիխուանան ազդում օրգանիզմի վրա: Հետազոտողները հայտնաբերել են, որ մարիխուանայի հատուկ մոլեկուլը ակտիվացնում է երկրորդ տեսակի կանաբինոիդ ռեցեպտոր կոչվող սպիտակուցը: Այդ կենսաբանական կոճակը «սեղմելու» միջոցով հանդարտվում է իմունային համակարգը, ավելանում ոսկրային զանգվածը և արգելակում են ցավի ազդակները:

Սակայն ըստ դեղորայքի մասնագետ Մայք Գիմբելի՝ «բժշկական մարիխուանան» լուրջ դեղամիջոց չէ:

«Իմ կարծիքով՝ բժշկական մարիխուանայի ծրագրերի նպատակը մարիխուանան ընդհանուր հանրությանը մատչելի դարձնելն է, որպեսզի նրանք կարողանան այն ձեռք բերել առանց խնդիրների», - ասում է Գիմբելը:

Ըստ նրա՝ բժշկական մարիխուանայի դրական ազդեցության մասին ուսումնասիրությունները սակավ են: Իրականում՝ Ամերիկյան բժշկական ընկերակցության վերջին զեկույցում նշվել է բժշկական մարիխուանայի օգտագործման 20-ից պակաս հետազոտություն, որոնցում ընդհանուր առմամբ ընդգրկված է եղել 300 մարդ: Ի տարբերություն այլ դեղորայքների՝ Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը մարիխուանան չի հաստատել: Փոխարենը շատ նահանգներում այն դարձել է քաղաքական խնդիր:

«Ինչու՞ է մարիխուանայի օգտագործումը հավանության արժանանում քաղաքական գործիչների կողմից: Եթե նրանք մտահոգված են հիվանդ մարդկանց օգնելու հարցում, ապա ինչու՞ խնդրի լուծումը չեն հանձնարարում Սննդի և դեղորայքի գործակալությանը» - հարցնում է Գիմբելը:

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել երկրորդական ազդեցությունը: Մարիխուանա ծխելուց հետո սրտի աշխատանքի արագությունն ավելանում է 20-100 տոկոսով: Ուսումնասիրություններից մեկի արդյունքներով հայտնաբերվել է, որ ծխելու առաջին ժամվա ընթացքում օգտագործողների մոտ 5 անգամ ավելանում է սրտի կաթված ստանալու վտանգը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարիխուանայի օգտագործումը կապված է մտավոր առողջական խնդիրների հետ, ինչպիսին է շիզոֆրենիան: Եվ իհարկե, բանավեճ է ընթանում մարիխուանայից կախվածության շուրջ: Գնահատումների մեծ մասը ցույց է տալիս, որ օգտագործողների գրեթե 9 տոկոսը կախվածություն է ձեռք բերում:

«Հնարավո՞ր է արդյոք կախվածություն ձեռք բերել: Այո, և բոլորը գիտեն այդ մասին: Հնարավոր չէ այդ խնդիրը լուծել մարիխուանայի օրինականացման միջոցով», - պնդում է Գիմբելը:

Նոր ուսումնասիրությամբ մարդկանց 45 տոկոսն ասել է, որ կողմ է մարիխուանայի օգտագործման օրինականացմանը:

Կալիֆորնիայում գործող ԱՄՆ-ում առաջին «Մարիխուանայի քոլեջում» ներգրավված է ավելի քան 17 հազար ուսանող: Քոլեջի նպատակն է սովորեցնել, թե ինչպես է պետք ճիշտ աճեցնել և վաճառել մարիխուանան:

XS
SM
MD
LG