Մատչելի հղումներ

Աֆղանստանի բանակի համազգեստը կրող զինյալը սպանել է ԱՄՆ-ի երեք զինծառայողի


Այս տարվա սկզբից մինչ օրս Աֆղանստանում տեղի է ունեցել այսպես կոչված «կանաչները կապույտների վրա» հարձակումների 25 դեպք

Աֆղանստանի հարավ-արևմտյան շրջանում երկրի բանակի համազգեստը կրող մի զինյալ սպանել է ԱՄՆ-ի երեք զինծառայողի:

ՆԱՏՕ-ի համաձայն, զինծառայողները սպանվել են ուրբաթ առավոտյան Հելմանդ նահանգի Սանգին շրջանում:

Աֆղանստանի պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի զինծառայողների սպանությունն իրականացրած անձը զբաղեցնում էր ոստիկանապետի պաշտոնը: Ըստ պաշտոնյաների, նա հրավիրել էր զինծառայողներին ճաշի, ապա զենք կիրառել նրանց դեմ և դիմել փախուստի:

Այս հրաձգությունը վերջինն է Աֆղանստանի զինծառայողների կամ երկրի զինված ուժերի համազգեստը կրող զինյալների կողմից օտարերկրյա զինծառայողների վրա կատարված հարձակումների շարքում:

Այսպես, հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի զինծառայողները ոչնչացրել են Աֆղանստանի արևելքում գտնվող ռազմակայաններից մեկում դաշինքի զինծառայողներից մեկին գնդակահարելու փորձ կատարած Աֆղանստանի զինծառայողներից մեկին, իսկ երեքշաբթի օրը Աֆղանստանի զինված ուժերի համազգեստը կրող երկու զինյալների հարձակման պատճառով զոհվել է ՆԱՏՕ-ի մեկ զինծառայող:

Այս տարվա սկզբից մինչ օրս Աֆղանստանում տեղի է ունեցել այսպես կոչված «կանաչները կապույտների վրա» հարձակումների 25 դեպք: Նման հարձակումները ստացել են այս անվանումը Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի զորքերի համազգեստի գույնի պատճառով:
XS
SM
MD
LG