Մալիի ապստամբ ուժերն առաջ են շարժվում դեպի պատմական Թիմբուկտու քաղաքը։ Սա այն երեք քաղաքներից մեկն է, որը ազգությամբ թուարեգ ապստամբ ուժերը նպատակադրվել են գրավել։
Ապստամբները Մալիի բանակի դեմ մեկ օր տեւած մարտերից հետո շաբաթ օրը երեկոյան գրավել էին Գաո քաղաքը, որը դարձել էր թուարեգների կողմից գրավված երկրորդ քաղաքը։ Մինչ այդ նրանց վերահսկողության տակ էր անցել գավառային մայրաքաղաք Քիդալը։
Թուարեգների ապստամբներն իրենց զինված պայքարը սկսել են հունվարի կեսերից, զենք ներկրելով խառնաշփոթ իրավիճակում հայտնված Լիբիայից։ Իսկ ինքնավարություն ձեռք բերելու նպատակ թուարեգ անջատողականներն ունեն արդեն մի քանի տասնամյակ։
Թուարեգների այս վերջին ռազմական գործողությունները սկսվեցին մայրաքաղաք Բամակոյում ռազմական հեղաշրջումից հետո, երբ միջին կարգի ռազմական հրամանատարությունը մարտի 22-ին տապալեց ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահի կառավարությունը։ Զինված ուժերը մեղադրում էին կառավարությանը՝ ապստամբ թուարեգների դեմ համապատասխան ուժ կիրառելու անկարողության մեջ։
Հեղաշրջումն իրականացրած զինվորականներն այսօր հայտնվել են իշխանությունը հանձնելու միջազգային ուժեղ ճնշումների տակ։ Արեւմտյան Աֆրիակայի տնտեսական համագործակցություն կազմակերպությունն ապստամբ զինվորականներին տվել է երկրի սահմանադրական կարգը վերականգնելու համար մինչեւ երկուշաբթի օրը ժամանակ՝ սպառանալով հակառակ դեպքում սկսել տնտեսական խստագույն պատժամիջոցներ։