Եվրամիության օրենսդիրները հինգշաբթի օրը հայտնել են, որ նախատեսում են կայացնել որոշում Ռուսաստանի այն պաշտոնյաների բանկային հաշիվները և ունեցվածքը սառեցնելու մասին, որոնց պատճառով 2009 թվականին բանտում մահացել է ռուս փաստաբան Սերգեյ Մագնիտսկին։ Որոշումը կայացվելու է այն դեպքում, եթե երկրի կառավարությունը դատական կարգով չհետապնդի այդ հանցագործությունը կատարած անձանց։
Լոնդոնում գործող ներդրումային հիմնադրամի իրավաբան Մագնիտսկին գրեթե մեկ տարի մնացել է նախնական կալանքում՝ հարկերից խուսափելու մեղադրանքների հիման վրա։ Նա մահացել է բանտում 37 տարեկան հասակում՝ նրան ենթաստամոքսային գեղձի վարակը բուժելու հնարավորություն չտրամադրելու պատճառով։
ԵՄ–ի օրենսդիրները «Ռուսաստանի դատական համակարգում լուրջ թերությունների վառ օրինակ» են անվանել Մագնիտսկու գործը։
Եվրախորհրդարանի 318–ը՝ կողմ, 63–ը՝ դեմ քվեարկությամբ օրենսդիրները որոշում են ընդունել, որի համաձայն Ռուսաստանի իշխանությունների կողմից դրական քայլեր չկատարելու դեպքում ԵՄ–ը, որպես պատժամիջոց, մուտքի արտոնագրեր այլևս չի տրամադրելու այս գործում ներգրավված Ռուսաստանի պաշտոնատար անձանց։
ԵՄ–ի որոշման մեջ չեն նշվում կոնկրետ պաշտոնյաների անունները, սակայն հաղորդագրությունների համաձայն, գործում ներգրավված է մոտ 60 անձ, որոնց թվում են նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոշ աշխատողներ։