Մատչելի հղումներ

Հայաստան է այցելել Ալեքսանդ Լուկաշենկոն


Հանդիպման ընթացքում Հայաստանի և Բելառուսի նախագահներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացքին

Մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր անցկացվել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Մասնավորապես ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին» և այլ փաստաթղթեր:

Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության, Հայաստանի և Բելառուսի նախագահներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացքին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

«Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը», - մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG