Մատչելի հղումներ

ԱՀԿ-ը հորդորել է ցածրարժեք եղանակներ կիրառել քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում


ԱՀԿ-ը հորդորել է ցածրարժեք եղանակներ կիրառել քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում
ԱՀԿ-ը հորդորել է ցածրարժեք եղանակներ կիրառել քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարում

Չփոխանցվող հիվանդությունների վերաբերյալ Նյու Յորքում անցկացված ՄԱԿ-ի հանդիպումների ընթացքում ընդունված նոր զեկույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է թանկարժեք բուժում պահանջող և տնտեսական ծանր հետևանքների պատճառը դարձող քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարի ցածրարժեք եղանակներ կիրառելու ռազմավարությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ չփոխանցվող հիվանդություններից՝ քաղցկեղից, շաքարախտից, սրտային և շնչառական հիվանդություններից միլիոնավոր մարդկանց կյանքը փրկելու համար մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտություն չկա:

Քրոնիկական հիվանդությունների բուժման առկա եղանակները թանկարժեք են և միլիոնավոր մարդկանց մղում են աղքատության:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Ալա Ալվանի համաձայն, «գոյություն ունեն կատարվող ծախսերիի տեսակետից արդյունավետ բուժման եղանակներ, որոնք զգալիորեն կկրճատեն բեռը, եթե իրականացվեն բոլոր անդամ պետությունների կողմից: Եվ այդ եղանակների մեծ մասը ցածրարժեք են և մատչելի բոլոր երկրների համար՝ անկախ եկամտի և տնտեսության կարգավիճակից»:

Համաշխարհային տնտեսական համաժողովի գնահատմամբ, գալիք 15 տարիների ընթացքում չփոխանցվող հիվանդությունների բուժման վրա ցածր և միջին եկամուտ ունեցող պետությունները կծախսեն ավելի քան 7 տրիլիոն դոլար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգըրեթ Չանը հորդորել է ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել՝ ասելով, որ «ֆինանսական և տնտեսական համակարգի համար այս հիվանդությունների պատճառով գնալով ավելացող ծախսի բեռը կհասնի այնպիսի մակարդակի, որը չեն կարողանալու հոգալ աշխարհի նույնիսկ ամենահարուստ երկրները» և հավելելով, որ աշխարհի պետությունների ղեկավարներն ունեն այս հիվանդությունների պատճառով սպառնացող աղետը դադարեցնելու կամ դրանց տարածմանը հակազդելու հնարավորությունը»:

Հայտնի է, որ վարքագծի որոշ ընդհանուր տեսակներ ավելացնում են քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը, օրինակ՝ ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ալկոհոլի չարաշահումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարզապես խորհուրդ է տալիս փոխել այդ վտանգավոր սովորույթները այսպես կոչված «ամբողջ բնակչության և անհատի մակարդակով միջամտության ամենացածրարժեք եղանակներով»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Ալա Ալվանի համաձայն, եթե ավլեացնել ծխախոտի և ալկոհոլի հարկը, հնարավոր կլինի ստանալ հարկային հսկայական եկամուտներ:

«Նման եղանակով ոչ միայն կկրճատվի այդ ապրանքների սպառումը, այլև հնարավոր կդառնա կանխարգելել չփոխանցվող հիվանդությունները, իսկ լրացուցիչ գումարներ հնարավոր կլինի ստանալ նույնիսկ ցածր եկամուտ ունեցող պետություններում: Այդ գումարները հնարավոր կլինի օգտագործել առաջնային խնամքի մակարդակում առավել լավ բժշկական ծառայություն ապահովելու կամ առողջապահության ծրագրերի խթանման համար», - ասել է Ալվանին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Դոնալդ Շրիբեր այլ կերպ է ընկալում Միացյալ Նահանգների դերը չփոխանցվող հիվանդությունների դեմ պայքարում, քան երկիրն ունի փոխանցվող հիվանդությունների, օրինակ՝ ՄԻԱՑ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում: Շրիբերի համաձայն, Միացյալ Նահանգները կարող է գործել որպես գործընկեր, այլ ոչ թե դոնոր, և այսպիսով, հնարավոր կդառնա հասնել շատ լավ արդյունքների:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կառավարությունների կողմից ձեռնարկվող գործողություններն էական ազդեցություն կարող են ունենալ հանրային առողջության վրա և կրճատել չփոխանցվող հիվանդությունների վտանգը, սակայն կառավարությունները պետք է անհապաղ որդեգրեն և իրականացնեն առաջարկվող միջամտությունները:

XS
SM
MD
LG