Մատչելի հղումներ

Թուրքիայում տեղական ընտրություններ են անցկացվում


Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել է, թե ակնկալում է, որ այս ընտրությունների ընթացքում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաջողության կհասնի

Թուրքիայում կիրակի օրն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք շատերի կողմից համարվում են հանրաքվե՝ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության հարցի շուրջ:

Սպասվում է, որ այս ընտրություններին, որոնց ընթացքին հետևում են բազմաթիվ դիտորդներ, կմասնակցի հիսուն միլիոն ընտրող:

Ըստ հաղորդագրությունների, առնվազն ութ մարդ է զոհվել կիրակի օրը՝ Թուրքիայում ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող մրցակից թեկնածուներին սատարող խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:

Թուրքիայում այսօր անցկացվող ընտրություններն ամբողջ երկրում անցկացվող առաջին ընտրություններն են՝ երկրի բազմաթիվ քաղաքներում անցյալ տարի տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերից հետո: Անցյալ տարի մի քանի շաբաթ տևած հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի էին ունեցել բազմաթիվ բախումներ, որոնց հետևանքով զոհվել էր ութ մարդ, վնասվածքներ ստացել ցույցերի հազարավոր մասնակիցներ:

Վարչապետ Էրդողանն այժմ պայքարում է իր կառավարության մի քանի նախարարի հրաժարականի պատճառը դարձած՝ կոռուպցիայի հետ կապված սկանդալի հետևանքների դեմ: Չնայած դրան՝ Էրդողանն ասել է, թե ակնկալում է, որ այս ընտրությունների ընթացքում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաջողության կհասնի:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» էր անվանել:

Կազմակերպությունը հորդորել էր Թուրքիայի իշխանություններին վերականգնել օգտատերերի մուտքի իրավունքը դեպի անցյալ շաբաթ արգելափակված «YouTube» և «Twitter» կայքեր:

«Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Թուրքիայի օրենքները:

Թուրքիայի իշխանություններն այս շաբաթվա սկզբին արգելափակել էին մուտքը դեպի «YouTube» կայքն այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր Թուրքիայի արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման քննարկման ըստ էության «արտահոսված» ձայնագրությունը:

Թուրքիայում դեպի «Twitter» սոցիալական կայք մուտքն արգելափակվել էր անցյալ շաբաթ, երբ միկրոբլոգների հրապարակման համար այս կայքն օգտագործվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր որդու նկատմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ձայնագրությունը տարածելու համար:
XS
SM
MD
LG