Մատչելի հղումներ

Լիբիայի բանակը սկսել է կազմալուծել զինյալների խմբավորումները


Ցույց՝ ընդդեմ «Անսար ալ-Շարիահ» զինյալների խմբավորման
Ցույց՝ ընդդեմ «Անսար ալ-Շարիահ» զինյալների խմբավորման

Բանակը գրոհել է մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում զինյալ խմբավորումների գտնվող հենակետերը

Լիբիայի բանակը գրոհել է մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում գտնվող զինյալ խմբավորումների հենակետերը՝ հետևելով երկրի անցումային կառավարության ղեկավարի կողմից անօրինական գործող զինված ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու մասին հրամանին:

Տրիպոլիի շրջակայքում ձեռնարկված գործողություններից մեկ օր առաջ կառավարական ստորաբաժանումները 11 զոհվածի և ավելի քան 60 վնասվածքներ ստացածի պատճառը դարձած մարտերից հետո վերահսկողություն են հաստատել Բենգազի քաղաքի շրջակայքում գտնվող զինյալների հենակետերի նկատմամբ:

Ջիհադիստ զինյալների հենակետերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու այս բախումներին նախորդել են ուրբաթ օրն անցկացված բողոքի զանգվածային ցույցերը, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բենգազիի փողոցներ՝ պահանջելով լուծարել զինյալների խմբավորումները: Ցուցարարներին հաջողվել վռնդել «Անսար ալ-Շարիահ» զինյալների խմբավորմանը վերջինիս հենակետից, ինչպես նաև վերահսկողություն հաստատել Բենգազիի այլ մասերում գտնվող զինյալների հենակետերի նկատմամբ:

«Անսար ալ-Շարիահ» զինյալների խմբավորումն առնչվում է այս ամսվա սկզբին Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման հետ, որի պատճառով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Ստիվենսն ու ամերիկացի ևս երեք դիվանագետ: «Անսար ալ-Շարիահ»-ը հերքում է այս մեղադրանքները:

Բենգազիում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումը համընկել էր ԱՄՆ-ում անհատների կողմից նկարահանված հակաիսլամական կինոնկարի դեմ անցկացվող ցույցերի հետ:

Լիբիայում բնռապետ Մոամար Քադաֆիի իշխանության անկման ժամանակից մահմեդական զինյալների խմբավորումները հետզհետե ավելի մեծ թափ են հավաքել՝ իրենց զինանոցում կուտակելով մեծաքանակ զենք և զինամթերք, ներառյալ հրթիռային և ծանր սպառազինություն:
XS
SM
MD
LG