Մատչելի հղումներ

Լիբիայում ձերբակալվել է Քադաֆիի փախուստի մեջ գտնվող որդին


Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին՝ ինքնաթիռում, 19 նոյեմբերի 2011թ.

Լիբիայի ռազմական իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի փախուստի մեջ գտնվող որդի Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆիին:

Երկրի ռազմական իշխանությունների խոսնակը շաբաթ օրը հայտնել է, որ Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին ձերբակալվել է Նիգերի հետ սահմանի մոտ գտնվող հարավային Օբարի քաղաքի մոտակայքում: Խոսնակի համաձայն, Սեիֆ ալ-Իսլամի օգնականները փորձել են իրեն գաղտնի կերպով տեղափոխել Նիգեր, որն արդեն ապաստան է տրամադրել Մուամար Քադաֆիի մեկ այլ որդի՝ Սաադի Քադաֆիին:

Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն անցյալ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի դեռևս չի ընդունվել որոշում այն մասին, թե ինչպես արձագանքել Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմից իր երկրին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմելու դեպքում:

Հաագայի միջազգային քրեական դատարանը ցանկանում է անցկացնել Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆիի դատավարությունը, որը մեղադրվում է իր հոր կառավարման դեմ անցկացվող ցույցերը դադարացնելուն ուղղված գործողությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու մեջ:

Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Կպամպոն անցյալ ամիս հայտնել էր, որ դատարանը բանակցություններ է անցկացնում Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆիի հետ՝ վերջինիս հանձնվելու և նրան արդար դատավարություն ապահովելու նպատակով:

XS
SM
MD
LG