Ամբողջ աշխարհում երկրպագուներն այսօր հարգանքի տուրքի արարողություններ են անցկացնում բրիտանական կուլտային «Բիթլզ» խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի սպանության 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Լենոնը կրակոցից սպանվել էր Նյու Յորքում 1980 թվականին` իր բնակարանից դուրս գալու ժամանակ:
Երկրպագուները հավաքվել են Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում գտնվող «Ստրոբերի ֆիլդս» հիշատակի այգում` ծաղիկներ դնելու և Լենոնի երաժշտությունը կատարելու համար:
«Ստրոբերի ֆիլդս» հիշատակի այգին ստեղծվել է զոհված ռոք-աստղ և խաղաղության ակտիվիստի հիշատակին: Այն գտնվում է Լենոնի սպանության վայրի մոտակայքում:
Հիշատակի վայրն անվանվել է «Ստրոբերի ֆիլդս»` «Բիթլզ» խմբի «Strawberry Fields Forever» (թարգմանաբար` «Ելակի հավերժ դաշտեր») երգի անվանումով:
Լենոնի այրի Յոկո Օնոն այս օրվա կապակցությամբ հիշատակի համերգ է կազմակերպել Տոկիոյում, որտեղ կոչ է արել «խորը սիրով և հարգանքով» հիշել իր ամուսնում:
Լենոնի ծննդավայր Լիվերփուլում երկրպագուներն ամբողջ գիշեր մոմեր են վառելու և երգելու են նրա երգերը:
Լիվերփուլում հինգշաբթի օրը կայանալու է բարեգործական համերգ, որի ընթացքում Լենոնի ընկերներն ու «Բիթլզ» խմբի նախկին մասնակիցները կատարելու են երաժշտի ամենահայտնի երգերը: