Մատչելի հղումներ

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի առաջնորդները հորդորել են նախագահ Օբամային դատապարտել Սիրիայի հայաբնակ տարածքների դեմ հարձակումները


Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալուն (արխիվային լուսանկար)
Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալուն (արխիվային լուսանկար)

«Այժմ, հայերի արտաքսման սկզբից 99 տարի անց, հայերի ևս մեկ վտարումը հանդիսանում է ցեղասպանության փաստի հերքման և Թուրքիայի կողմից իր ցեղասպան ժառանգության հետ դեմ առ դեմ չկանգնելու վառ հիշեցում»

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալունն ու Մայքլ Գրիմը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոն նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ արտահայտելու համար իրենց լուրջ մտահոգությունն այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն Թուրքիայից Սիրիա մուտք գործող Իսլամիստ ապստամբները ներգրավված են Սիրիայի Լաթաքիա շրջանի, մասնավորապես՝ հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի ուղղությամբ իրականացվող հարձակումների իրականացման մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Օբամային հասցեագրված իրենց նամակում, որը հրապարակվել է կոնգրեսական Փալոունի պաշտոնական կայքէջում, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի առաջնորդները վկայակոչում են ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականում հրապարակված հոդվածը, որտեղ ասված է, որ Սիրիայի ապստամբների կողմից գրավված Լաթաքիայի շրջանի Քեսաբ քաղաքի սիրիահայ բնակիչներին Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցրել է իրենց պատմության մութ էջերը՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսականներն իրենց նամակում տեղեկացնում են նախագահ Օբամային, որ այս ողբերգական իրադարձությունների հետ մեկտեղ ստացվում են հաղորդագրություններ հայերին պատկանող տների թալանի և զբաղեցման մասին:

«Հայ համայնքի զանգվածային գաղթի հետ միասին այս իրադարձությունները չափազանց շատ են հիշեցնում Օսմանյան Թուրքիայում գրեթե 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի քողի ներքո տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սկզբի ժամանակները», - գրում են կոնգրեսականները՝ հիշեցնելով, որ 20-րդ դարասկզբին Քեսաբում ապրում էր մոտ 6 հազար հայ, սակայն 1915 թվականի հուլիսին Օսմանյան կայսրության կողմից հայերի իրականացված արտաքսման հետևանքով զոհվել է մոտ 5 հազար մարդ:

«Այժմ, հայերի արտաքսման սկզբից 99 տարի անց, հայերի ևս մեկ վտարումը հանդիսանում է ցեղասպանության փաստի հերքման և Թուրքիայի կողմից իր ցեղասպան ժառանգության հետ դեմ առ դեմ չկանգնելու վառ հիշեցում», - ասում են կոնգրեսականները:

«Քրիստոնյա հայերի համայնքը կրկին արմատախիլ է արվում իր հայրենիքից, և մենք հորդորում ենք Ձեզ անհապաղ դիմել անհրաժեշտ բոլոր քայլերի՝ պաշտպանելու համար Քեսաբի հայ քրիստոնյա համայնքին: Հավատացած ենք նաև, որ եկել է ժամանակը, երբ Ամերիկան պետք է կրկնապատկի իր ջանքերը՝ երաշխավորելու համար Մերձավոր Արևելքում վտանգի տակ գտնվող բոլոր համայնքներին պաշտպանության առավել մեծ աստիճանի տրամադրումը», - եզրափակում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի առաջնորդների կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակը:
XS
SM
MD
LG