Մատչելի հղումներ

Հոսնի Մուբարաքն կարող է ազատ արձակվել այս շաբաթ


Մուբարաքի փաստաբանի համաձայն, իր պաշտպանյալի ազատազրկման համար իրավական միակ հիմք այժմ մնում են կաշառակերության մեղադրանքները, որոնք հանելու համար շատ ժամանակ չի պահանջվի

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը պաշտոնանկ է արվել 2011 թվականին տեղի ունեցած ապստամբության արդյունքում, շուտով ազատ կարձակվի՝ դատախազների կողմից վերջինիս դեմ հարուցված կաշառակերության գործով անմեղ ճանաչվելուց հետո:

Այս մասին հայտնել է Մուբարաքի փաստաբանը և Եգիպտոսի դատական մարմինների աղբյուրներից մեկը:

85-ամյա Հոսնի Մուբարաքը ձերբակալվել էր պաշտոնանկ արվելուց հետո: Եգիպտոսի նախկին նախագահին այնուհետև ներկայացվել էին կաշառակերությունից մինչև ցուցարարների սպանության մեջ հանցակից լինելու մեղադրանքներ:

Մուբարաքի փաստաբան Ֆարիդ էլ-Դիբի համաձայն, իր պաշտպանյալի ազատազրկման համար իրավական միակ հիմք այժմ մնում են կաշառակերության մեղադրանքները, որոնք Եգիպտոսի նախկին նախագահից հանելու համար, ըստ փաստաբանի, շատ ժամանակ չի պահանջվի:

«Մեզ այժմ մնում է անցնել վարչական մի պարզ ընթացակարգ, որոնք չպետք է տևեն 48 ժամից ավելի: Նա պետք է ազատ արձակվի մինչև այս շաբաթվա վերջ», - ասել է Մուբարաքի փաստաբանը:

Եգիպտոսի դատական մարմինների աղբյուրներից մեկը սակայն, առանց հաստատելու Մուբարաքին ազատ արձակելու հնարավորությունը, նշել է, որ երկրի նախկին ղեկավարը ևս երկու շաբաթ կանցկացնի ազատազրկման մեջ, քանի որ դատական իշխանություններին դեռևս անհրաժեշտ է վերջնական վճիռ կայացնել նրա դեմ հարուցված գործով:

Եգիպտոսի նախագահի պաշտոնը 30 տարվա ընթացքում զբաղեցրած Մուբարաքն այժմ պահվում է Կահիրեի հարավում գտնվող Թորա կալանավայրում, որտեղ պահվում են նաև այս տարվա հուլիսին «Մահմեդական եղբայրության» դեմ իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալված անձինք:
XS
SM
MD
LG