Մատչելի հղումներ

Բանակցություններ՝ Ռուսաստանի արտգործնախարարի և Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդի միջև


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ է անցկացրել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ հանդես եկող ընդդիմադիր հիմնական կազմակերպության՝ Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդի հետ:

Լավրովը չորեքշաբթի օրը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որի համաձայն բռնությունները պետք է դադարեցվեն ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության կողմից, իսկ Սիրիայի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի երկրի ժողովուրդը:

Ասադի հիմնական դաշնակից Ռուսաստանը, բացի այդ, շրջանառության մեջ է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևի նախագիծ՝ կոչ անելով երեք ամսով ևս երկարացնել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը: Բանաձևի նախագծում դիտորդներին կոչ է արվում ապահովել ճգնաժամի քաղաքական լուծումը, սակայն որևէ պատժամիջոցի կիրառման հնարավորության մասին որևէ նշում չի կատարվում:

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը դիտորդների առաքելության երկարաձգման մասին որոշումը պետք է կայացնի մինչև հուլիսի 20-ը:

Ռուսաստանն ու Չինաստանը նախկինում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից առաջադրված բանաձևերը:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը չորեքշաբթի օրը զեկույց կներկայացնի Անվտանգության խորհրդին՝ հետևելով Սիրիայում ծավալված ճգնաժամի վերաբերյալ Սիրիայի, Իրանի և Իրաքի ղեկավարների հետ ունեցած բանակցություններին:
XS
SM
MD
LG