Մատչելի հղումներ

Ռուսաստանը կոչ է արել վերջ տալ Սիրիայի հակամարտությանը


«Ռազմական եղանակով ճգնաժամի լուծումը կարող է բերել միայն փոխադարձ ոչնչացման»

Ռուսաստանը կոչ է արել վերջ տալ Սիրիայում արդեն գրեթե երկու տարի շարունակվող ճգնաժամին:

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում արաբական պետությունների դիվանագետների հետ չորեքշաբթի օրն անցկացված հանդիպումից հետո ասել է, որ ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ապստամբները չեն կարող խնդիրը լուծել ռազմական եղանակով, որը միայն կարող է բերել փոխադարձ ոչնչացման:


Սիրիայի ընդդիմության ակտիվիստները նախօրեին մեղադրել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին Հալեպի ուղղությամբ հրթիռային հարվածի իրականացման մեջ: Նրանց համաձայն, հրթիռային հարվածի ենթարկվել է քաղաքի Ջաբալ Բադրո թաղամասը:

Լոնդոնի գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» և «Հալեպի մեդիա կենտրոն» կազմակերպությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում երեքշաբթի օրն ընդհանուր առմամբ զոհվել է 140 մարդ:

Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատարն ընդամենը մեկ ամիս առաջ հայտնել էր Սիրիայում 60 հազար զոհվածների մասին:
XS
SM
MD
LG