Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատասխաններ է պահանջել՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողությունների շուրջ


«Մենք հարցերն ուղղել ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին, և ակնկալում ենք ոչ միայն պատասխաններ, այլև այնպիսի պատասխաններ, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը փոխադարձ համաձայնեցված կանոնների նկատմամբ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրն ասել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից պահանջում է պատասխաններ ներկայացնել Արևելյան Եվրոպայում դաշինքի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել է զգալիորեն ամրապնդել արևելաեվրոպական իր անդամների պաշտպանական կարողությունները:

«Մենք հարցերն ուղղել ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին: Ակնկալում ենք ոչ միայն պատասխաններ, այլև այնպիսի պատասխաններ, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը փոխադարձ համաձայնեցված կանոնների նկատմամբ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զորքերի ներկայությանը՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ունի իր տարածում զորքերի տեղաշարժման իրավունք, և որ զորավարժությունների անցկացումից հետո ռազմական ստորաբաժանումները կվերադառնան իրենց տեղակայման մշտական վայրեր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեին շեշտել էր, որ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Ուկրաինայում ներխուժման շարունակությունը պատմական սխալ կդառնա, որը կխորացնի Ռուսաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից:

Ռասմուսենի համաձայն, Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժման խորացումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում հեռու գնացող հետևանքների պատճառը կդառնա:

«Նման քայլը կդառնա ռազմավարական հսկա հետևանքներ ունեցող սխալ հաշվարկ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն ավելի վաղ կայացրել էին Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Ըստ Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Քեյթ Դարդենի, Ուկրաինայի կողմից Արևմուտքի հետ հարաբերությունների մերձեցմանն ի պատասխան Ռուսաստանի գործողությունները կարող են վատթարացնել այս երկրի դիրքը խորհրդային նախկին երկրների շրջանում:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ ինտեգրմամբ տրամադրվող ապահովության մակարդակի մաս էր կազմում այն գաղափարը, որ երկրներն ինքնիշխան էին մնում: Ռուսաստանն այս դեպքում խախտել է այս սկզբունքը: Վստահ եմ, որ և՛ Մինսկում, և՛ Երևանում՝ ամբողջ տարածաշրջանում այժմ անցկացվում են քննարկումներ այն մասին, թե դա ինչ կարող է նշանակել, ինչպիսի Ռուսաստանի հետ ենք մենք այժմ գործ ունենում: Եվ կարծում եմ՝ այս մտավախություն կարող է դառնալ Ռուսաստանի ազդեցության ուղեծրից նրանց դուրս մղելու պատճառը», - ասել է պրոֆեսոր Դարդենը:
XS
SM
MD
LG