ԱՄՆ-ում երկուշաբթի օրը նշվում է Աշխատանքի օրը, որի ժամանակ երկրում ավանդաբար մեծարվում են աշխատավորները:
Աշխատավորները սակայն այս տարի ևս դիմակայում են բարձր գործազրկության և աշխատանքի շուկայում զարգացման բացակայությանը:
Միացյալ Նահանգներում Աշխատանքի օրը պաշտոնապես նշվում է 1894 թվականից, և տարիների ընթացքում այդ օրն ընտանիքները հավաքվել են խնջույքների, և տարբեր քաղաքներում անցկացվել են արհմիությունների շքերթներ:
Որոշ համայնքներում նոր ուսումնական տարին սկսվում է Աշխատանքի օրվան հաջորդող օրը:
ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներում երկուշաբթի օրն անցկացվելու են աշխատավորների շքերթներ, սակայն երկրում աշխատավորների կազմակերպված շարժման թափը, որի գագաթնակետը եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիները, նվազել է:
Միացյալ Նահանգներում այժմ ութ աշխատավորներից միայն մեկն է անդամակցում արհմիության: Արհմիություններին անդամակցում են հիմնականում տեղական, նահանգային և դաշնային կառավարությունների աշխատողները, որոնց թիվը գերազանցում է մասնավոր ընկերությունների աշխատողների թվին: Անցյալում սակայն արհմիությունների հիմնական ուժը կազմել են միությունների անդամ գործարանների աշխատողները:
Աշխատանքի օրվա կապակցությամբ երկուշաբթի օրը Միչիգան նահանգի Դետրոյտ քաղաքում աշխատավորներին իր խոսքով դիմելու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Դետրոյտ քաղաքը դեռևս համարվում է երկրի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոն, սակայն օտարերկրյա ընկերությունների կողմից մրցակցության պատճառով մեքենաների արտադրությունը զգալիորեն կրճատվել է:
Նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված իր խոսքում կներկայացնի աշխատատեղերի ավելացման նոր ծրագիրը:
Միացյալ Նահանգների աշխատանքի շուկան այժմ կանգնած է դժվարին խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև: Այս տարվա օգոստոս ամսին երկրի տնտեսությունում աշխատատեղերի թիվը չի ավելացել: Երկրի մոտ 14 միլիոն աշխատավոր գործազուրկ են, իսկ ևս մի քանի միլիոն մարդ աշխատում է կես դրույքով՝ փորձելով տեղավորվել լրիվ դրույքով աշխատանքի:
ԱՄՆ-ում անսովոր բարձր՝ 9 տոկոս կազմող գործազրկության մակարդակը պահպանվում է արդեն 29 ամիս, և դեռևս չկա իրավիճակի բարելավման որևէ նշան: