Մատչելի հղումներ

Բաքիեւին պաշտպանող ամբոխը ծեծի է ենթարկում երկու բարձր պաշտոնյայի


Ղրղըզստանի Ջալալաբադ քաղաքում ցուցարարները ծեծել են պաշտպանության նախարարի պաշտոնակատարին եւ շրջանային վարչության պետին

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության կողմից արտակարգ իրադրություն հայտարարվելուց մեկ օր անց՝ երկրի հարավային հատվածում մի քանի հազար ցուցարարներ նոր հարձակումներ իրականացրին։ Ջալալաբադում ցուցարարները, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմաիլ Իսակովին եւ շրջանային վարչության պետ Բեքթուր Ասանովին, երբ վերջիններս փորձում էին հանգստացնել ամբոխին։ Ցուցարարները նրանց մի կարճ ժամանակով պահել են որպես պատանդ։

Բացի արտակարգ իրադրությունը, ժամանակավոր կառավարությունը նաեւ ուժի մեջ է մտցրել գիշերային պարետային ժամ այս քաղաքում։ Այս մասին որոշում այն կայացրել է այստեղ ղրղըզների եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ երկու զոհ գրանցվելուց հետո։

Հարավային Ղրղըզստանում անհանգստության ալիք բարձրացավ այն օրից ի վեր, երբ անցյալ ամիս մայրաքաղաքում գահընկեց արվեց նախագահ Քուրմանբեկ Բաքիեւի կառավարությունը։ Այս ընթացքում ժամանակավոր կառավարությունը փորձում է կարգ ու կանոն հաստատել երկրի հարավում, որտեղ Բաքիեւն ունի մեծ աջակցություն։

Բաքիեւը Ղրղըզստանից փախուստի դիմեց ապրիլի 7-ի այն ապստամբությունից հետո, որի ընթացքում սպանվել էր 85 մարդ։ Ժամանակավոր կառավարությունն այսօր Բաքիեւին է մեղադրում ժողովրդի վրա կրակ բացելու հրաման արձակելու համար եւ հորդորում Բելառուսի իշխանություններին Բաքիեւին արտաքսել հետ՝ Ղրղըզստան։

Ղրղըզստանում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն այս տարվա հոկտեմբերին։ Մինչ այդ երկրի նախագահի պարտականությունները դրված կմնան ժամանակավոր կառավարության նախագահ Ռոզա Օթունբաեւայի վրա։

XS
SM
MD
LG