Մատչելի հղումներ

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունն այլեւս չունի խաղաղապահ ուժերի օգնության կարիք


Երկրում ազգամիջյան բախումներ հրահրելու կասկածներով Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Ղրղըզստանի նախկին նախագահի որդին

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան հայտարարել է, թե ինքն այլեւս չի տեսնում երկրում սկսված ազգամիջյան բախումները դադարեցնելու նպատակով այստեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն։

Ավելի վաղ, Օթունբաեւան այստեղ զորքեր ուղարկելու խնդրանքով էր դիմել Ռուսաստանին։
Նա նաեւ ասել է, թե չնայած այստեղ վերջին օրերին սկսված ազգամիջյան բախումներին, իր երկիրը չի հրաժարվում նոր սահմանադրության հարցով հունիսի 27-ին անցկացվելիք ազգային հանրաքվեից։

Ճգնաժամը հարթելու շուրջ Օթունբաեւայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բանի Կի Մունը։

Անցյալ հինգշաբթի օրվանից ուզբեկների եւ ղրըզների միջեւ սկսված բախումների արդյունքում տասնյակ հազարավոր ուզբեկներ են լքել Ղրղըզստանում իրենց տներն ու ապաստան գտել Ուզբեկստանում։

Ուզբեկստանն այժմ փակել է Ղրղըզստանի հետ իր սահմանը՝ թույլ չտալու հավելյալ փախստականների ներհոսք։ Սահմանին խմբվել է ավելի քան 1ՕՕ հազար ուզբեկ։ Ուզբեկստանի իշխանությունները խոստանում են վերաբացել սահմանը նրանց առջեւ՝ մարդասիրական օգնություն ստանալուց հետո։ Աշխարհի մի քանի երկրներ արդեն խոստացել են այստեղ առաքել մեծածավալ օգնություն։

Պաշտոնական տվյալների համաձայն, բախումների արդյունքում սպանվել է 17Օ մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Կան հազարավոր վիրավորներ։

Մեծ Բրիտանիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, երեքշաբթի օրն այստեղ ձերբակալվել է Ղրղըզստանի վտարված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւի կրտսեր որդին։ Երկրի ժամանակավոր կառավարությունը հայտարարում է, թե նա է հարավային Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում սկսված անհանգստությունների կազմակերպիչը, ում նպատակն է եղել անհանգստությունների արդյունքում իշխանության վերադարձնել իր հորը։

XS
SM
MD
LG