Միավորված Ազգերի կազմակերպության բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ Ղրղըզստանում տեղի ունեցած բախումների ընթացքում ազգությամբ ուզբեկ հարյուրավոր քաղաքացիներ խոշտանգումների են ենթարկվել:
ՄԱԿ-ի նարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավի Փիլլայի խոսքերով, Ղրղըզստանի հարավում, տեղի իշխանությունները այս պահին էլ շարունակում են իրականացնել անօրինական ձերբակալություններ` խոշտանգումների միջոցով քաղաքացիներից վկայություններ ստանալու նպատակով:
Խնդրի շուրջ ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ ապօրինի ձերբակալվածները ֆիզիկական և հոգեբանական բռնությունների են ենթարկվում իրավապահների կողմից:
Ղրղըզստանի հարավում այս տարվա հունիսին սկիզբ առած միջէթնիկ բախումներից շուրջ 1 ամիս անց իրավիճակը շարունակում է լարված լինել: