Մատչելի հղումներ

Քրդերը կարող են նպաստել Սիրիայում պատերազմի ընթացքի փոփոխությանը


Թուրքիայի վարչապետը Սիրիայի քրդական կուսակցությանը նախազգուշացրել է «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող որևէ սխալ և վտանգավոր քայլ» ձեռնարկելու դեմ

Թուրքիայի քրդական հիմնական կուսակցության ղեկավարը ողջունել է Անկարայի կառավարության և Սիրիայի քրդերի միջև իրականացվող շփումները՝ նշելով, որ դրանք կարող են նպաստել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ գործադրվող ճնշմանը, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքը փոխելուն:

Ստամբուլում անցյալ շաբաթ կայացել էր հանդիպում Թուրքիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմի միջև: Մուսլիմի գլխավորած կուսակցության զինյալները պայքար են մղում Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Այս հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ քրդական կազմակերպությունները հայտնել են Սիրիայի քրդաբնակ տարածքները մինչև քաղաքացիական պատերազմի ավարտը կառավարող անկախ խորհուրդ ստեղծելու մտադրության մասին: Անկարան սակայն մտավախություն ունի, որ նման ինքնավարությունը կարող է բռնկել անջատողական տրամադրվածություններն իր տարածքում բնակվող և շատ ավելի բազմաթիվ քրդական բնակչության շրջանում այն ընթացքում, երբ Թուրքիայի իշխանությունները փորձում են վերջ տալ քրդերի կողմից արդեն մոտ 30 տարի վարվող զինված պայքարին:

«Սալեհ Մուսլիմի այցը Ստամբուլ հստակ նշան է, որ Թուրքիան առաջ է շարվում քրդերին որպես վտանգ համարող քաղաքականությունը փոխելու գործում», - ասել է Թուրքիայի խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» («BDP») կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիթաշը:

Դեմիրթաշի համաձայն, Թուրքիայի քաղաքականության նման փոփոխությունը ոչ միայն ազդեցություն կգործի թուրք-քրդական հարաբերությունների, այլև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ Սիրիայի վարչակարգի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով:

«Քրդերը կարող են արդյունավետ գործել Սիրիայում, և մեզ անհրաժեշտ է ավելացնել նրանց տրամադրվող օժանդակությունը: Արևմտյան պետությունները, ներառյալ Միացյալ Նահանգները, պետք է պատշաճ հարաբերություններ ստեղծեն Սիրիայի քրդերի հետ», - ասել է Դեմիրթաշը:

Թուրքիան սակայն ցանկանում է, որպեսզի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը երաշխավորի, որ այն որևէ կերպ չի վտանգելու Թուրքիայի սահմանամերձ տարածքները կամ չի իրականացնելու բռնությունների միջոցով Սիրիայում ինքնավար տարածք ստեղծելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև կպահպանի Ասադի դեմ ուղղված դիրքորոշումը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ուրբաթ օրը զգուշացրել էր «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող որևէ սխալ և վտանգավոր» քայլեր ձեռնարկելու անթույլատրելիության մասին:
XS
SM
MD
LG