Մատչելի հղումներ

Բախումներ քրդերի և «ալ-Քաիդա»-ի միջև՝ հյուսիսային Սիրիայում


Իրաքի Քրդստանը փախստականներ ընդունելու քվոտաներ է սահմանել

Քուրդ մարտիկների և «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ապստամբների միջև նոր բախումներ են սկսվել Սիրիայի հյուսիսում, որտեղ երկու կողմերի միջև հակամարտությունն արդեն ստիպել է տասնյակ հազարավոր մարդկանց ապաստան փնտրել հարևան Իրաքում:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը մարտեր են վարվել Թուրքիայի հետ սահմանամերձ Ռաս-ալ-Այն քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի գյուղերում:

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով զբաղվող գործակալության համաձայն, անցյալ շաբաթից Սիրիայի տարածքից Իրաքի Քրդստան է անցել մոտ 30 հազար սիրիացի: Սպասվում է, որ ևս մի քանի հազար փախստական Իրաքի տարածք կանցնի երեքշաբթի օրը:

Մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների համաձայն, Իրաքի Քրդստանի տարածաշրջանի կառավարությունը Սիրիայից փախստականներ ընդունելու քվոտա է սահմանել, որի համաձայն այս տարածք անցնելու թույլտվություն ամեն օր կտրամադրվի մինչև 3 հազար մարդու:

«Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը փախստականներին իր տարածք անցնելու թույլտվություն տրամադրելու քվոտա է սահմանել: Նրանք այսօր թույլ կտան սահմանը հատել 3 հազար փախստականի, սակայն երեկ նույնպես սահմանվել էր 3 հազարի հավասար քվոտա, մինչև օրվա վերջ այնուամենայնիվ մուտք գործելու թույլտվություն էր տրամադրվել 5 հազար փախստականի», - Ժնևում ասել էր Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը՝ հավելելով, որ մարդիկ փախուստի են դիմում Սիրիայի քրդերի և զինյալ տարբեր խմբերի, ներառյալ «ալ-Նուսրա»-ի միջև բախումները սաստկանալու մտավախությունների պատճառով:

Սիրիայում չդադարող հակամարտության հետևանքով այս երկիրը լքել է արդեն մոտ 2 միլիոն մարդ: Սիրիայից փախստականները հիմնականում անցել են Լիբանանի, Հորդանանի և Թուրքիայի տարածք:

XS
SM
MD
LG