Մատչելի հղումներ

 
Քրդերի առաջնորդները ներողություն են խնդրել ցեղասպանության իրագործման համար

Քրդերի առաջնորդները ներողություն են խնդրել ցեղասպանության իրագործման համար


Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշ (արխիվային լուսանկար)
Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշ (արխիվային լուսանկար)

Սուր քաղաքագի քաղաքապետ Դեմիրբաշը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցեղասպանությունը ճանաչելու համար

Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի մոտակայքում գտնվող արվարձաններից մեկի՝ Սուրի քաղաքապետարանը սեպտեմբերի 12-ին անցկացրել է Ընդհանուր խղճի հուշահամալիրի բացման արարողությունը, որի ընթացքում քաղաքագլուխ Աբդուլլահ Դեմիրբաշը ներողություն է խնդրել քրդերի անունից հայերի և ասորիների ցեղասպանությունն իրականացնելու համար:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականի փոխանցմամբ, բացման խոսքում Դեմիրբաշնը ասել է, որ իրենք, քրդերը, իրենց նախնիների անունից ներողություն են խնդրում 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանության իրագործման համար:

«Մենք կշարունակենք մեր պայքարը ճանաչման և փոխհատուցման համար», - ասել է Դեմիրբաշը:

Սուրի քաղաքագլուխը, բացի այդ, հորդորել է Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Մենք նրանց կոչ ենք անում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել», - ասել է Դեմիրբաշը՝ հավելելով. «Այս հուշարձանը նվիրված է բոլոր այն ժողովուրդներին և կրոնական խմբերին, որոնց նկատմամբ այս հողում ցեղասպանություն է իրականացվել»:

Ըստ «Արմենիան Ուիքլի» պարբերականի, Սուր քաղաքի Անզելե զբոսայգում կառուցված 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի վրա հայերեն և հինգ այլ լեզվով գրված է՝ «Մենք կիսում ենք ցավը, որ այն չկրկնվի»:
XS
SM
MD
LG