Մատչելի հղումներ

Կոսովոյի վարչապետը մեղադրել է Սերբիային բռնություններ ծրագրելու մեջ


ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր (KFOR) գործողությանը մասնակցող ԱՄՆ-ի զինածռայողները վերահսկում են Սերբիայի և Կոսովոյի միջև սահմանը (արխիվային լուսանկար)

Կոսովոն մեղադրել է Սերբիային բռնություններ նախապատրաստելու մեջ, որոնք ուղղված կլինեն Կոսովոյի իշխանությունների կողմից սերբերով բնակեցված հյուսիսում վիճահարույց սահմանային երկու հենակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելը խոչընդոտելուն:

Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին` ասելով, որ Սերբիան նախապատրաստում է «անօրինական և քրեական կառույցներ` բռնությունները հրահրելու և Կոսովոյի օրինական իշխանություններին իրենց սահմանապահ և մաքսային վերահսկողության պարտականությունների կատարումը խոչընդոտելու նպատակով»:

Վարչապետ Թաչիի համաձայն, Կոսովոյի իշխանությունները, Եվրոպական Միության ոստիկանության և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, սեպտեմբերի 16-ին մեկնարկելու են սահմանային հենակետերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրի իրականացումը:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը երեքշաբթի օրը զգուշացրել է, որ Կոսովոյի իշխանությունների կողմից սահմանային վիճահարույց երկու հենակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձը կարող է կրկին լարվածություն առաջացնել Կոսովոյի սերբերով բնակեցված հյուսիսում:

Տադիչն ասել է, որ Սերբիան կատարելու է իր պարտականությունները` Կոսովոյի կողմից այդ հենակետերի նկատմամբ վերահսկողություն հաստատելը խոչընդոտելու համար, և կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել նման գործողությունները և շարունակել Եվրոպական Միության միջոցով իրականացվող միջնորդությունը:

XS
SM
MD
LG