Մատչելի հղումներ

Կոսովոյում համընդհանուր ընտրություններ են անցկացվում


Ընտրությունները համարվում են երկրի վարչապետ Հաշիմ Թաչիի իշխանության, ինչպես նաև Եվրոպական Միությանը միանալու համար կարևոր փորձություն

Կոսովոյում կիրակի օրն անցկացվում են համընդհանուր ընտրություններ, որոնք համարվում են երկրի վարչապետ Հաշիմ Թաչիի իշխանության, ինչպես նաև Եվրոպական Միությանը միանալու համար կարևոր փորձություն:

Զինյալից քաղաքական գործչի վերածված Կոսովոյի 46-ամյա առաջնորդն արդեն յոթ տարի իշխանության գլուխ է կանգնած այս երկրում: Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը, որը տեղ է ունեցել 2008 թվականին, իրականացվել է Թաչիի կառավարման օրոք:

Թաչին եղել է «Կոսովոյի ազատագրման բանակ»-ի առաջնորդներից մեկը, որը 1990-ական թվականներին զինված պայքար էր մղում Սերբիայի և այդ երկրի այնժամյա առաջնորդ Սոլոբոդան Միլոշևիչի դեմ:

1999 թվականից Կոսովոն գտնվում էր ՄԱԿ-ի կառավարման ներքո, իսկ գրեթե մեկ տասնամյակ անց հռչակած անկախությունը ճանաչել է ավելի քան 100 պետություն: Կոսովայի անկախությունը սակայն չեն ճանաչել Սերբիան ու Ռուսաստանը:

Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը համարվող Կոսովոյի 1,8 միլիոն բնակիչները մեծ հիասթափություն են արտահայտում անկախություն ձեռք բերելու ժամանակից երկրում գրանցված առաջընթացի կապակցությամբ, քանի որ գործազրկության մակարդակը կազմում է 35 տոկոս, իսկ կոռուպցիայի մակարդակի ցուցանիշով Կոսովոն զբաղեցնում է 111-րդ տեղը՝ «Transparency International» կազմակերպության կողմից կազմված՝ աշխարհում 2013 թվականին գրանցված կոռուպցիայի ցուցիչում:
XS
SM
MD
LG