Կամբոջայում մեկնարկել է ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող դատավարություն, որի առջև կանգնել են 20-րդ դարի ամենազարհուրելի հանցագործության իրագործումը ծրագրած «Կարմիր Կխմերների» ղեկավարները:
Դատախազ Չեա Լեանգը դատավարության բացման խոսքում ասել է, որ «Կարմիր Կխմերների» պետության ղեկավար Խիեու Սամփհանը, գաղափարախոսության գծով ղեկավար Նուոն Չեան և «Կարմիր Կխմերների» արտաքին գործերի նախարար Իենգ Սարին ծրագրել են հեղափոխություն, որի արդյունքում Կամբոջայում ստեղծվել են «սպանդի դաշտեր», որտեղ ոչնչացվել է երկրի բնակչության մեկ քառորդը և որի արդյունքում տապալվել է այս երկրում իրագործված ցեղասպանությունը վերապրած միլիոնավոր մարդկանց կյանքը:
1975-ից 1979 թվականները Կամբոջայում «Կարմիր Կխմերների» կառավարման ընթացքում տարբեր գնահատականներով սպանվել է մոտ երկու միլիոն մարդ:
Դատարանի առջև երկուշաբթի օրը կանգնած եռյակը մեղադրվել է մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ ցեղասպանության, մարդասպանության և խոշտանգումների իրականացման մեջ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը ողջունել է դատավարության մեկնարկը` ասելով, որ այն կօգնի Կամբոջայի նոր սերնդին հասկանալ իրենց պատմությունը և կխթանի մարդկության դեմ հանցագործությունները կանխելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը: