Մատչելի հղումներ

Հրազենային կրակից վնասվածքներ է ստացել Խարկովի քաղաքապետը


Գերմանիայի իշխանությունները երկուշաբթի օրը հորդորել են Մոսկվային օգտագործել Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատողականների նկատմամբ ունեցած ազդեցությունը՝ Սլավյանսկ քաղաքում պահվող ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու համար

Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքի քաղաքապետ Գենադի Կերնեսը տեղափոխվել է հիվանդանոց՝ հրազենային կրակից մեջքի շրջանում վնասվածքներ ստանալուց հետո:

Այս մասին, ըստ հաղորդագրությունների, տեղեկացրել է Խարկովի քաղաքապետի խոսնակը, որի համաձայն բժիշկները պայքարում են Կերնեսի կյանքի համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այս ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի դիտորդների ձերբակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Ռուսատանի և Գերմանիայի արտգործնախարարների միջև հեռախոսազրույցը երկուշաբթի օրը կայացել է Գերմանիայի նախաձեռնությամբ: Արտգործնախարարությունը սակայն հեռախոսազանգի շուրջ լրացուցիչ տեղեկություններ չի ներկայացրել:

Գերմանիայի իշխանությունները երկուշաբթի ավելի վաղ հորդորել էին Մոսկվային օգտագործել Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատողականների նկատմամբ ունեցած ազդեցությունը՝ Սլավյանսկ քաղաքում պահվող ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ արձակելու համար:

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ձերբակալված ԵԱՀԿ-ի դիտորդները նախօրեին հանդիպել էին մամուլի ներկայացուցիչների հետ՝ վստահեցնելով, որ նրանց լավ են վերաբերվում: Հանդիպումն անցկացվել էր ռուսաստանամետ զինված անջատողականների վերահսկողության ներքո:

ԵԱՀԿ-ի դիտորդների խմբի առաջնորդ, Գերմանիայի զինված ուժերի գնդապետ Աքսել Շնայդերը Սլավյանսկում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ բոլոր դիտորդներն առողջ են:

Սլավյանսկ քաղաքում գործող ռուսաստանամետ զինյալները ԵԱՀԿ-ի ձերբակալված դիտորդներին «ռազմագերի» են անվանում:
XS
SM
MD
LG