Մատչելի հղումներ

Քերրին այցելում է երեք երկրներ՝ քննարկելու մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայի ապագան


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգշաբթի սկսել է այցելություն երեք երկրներ՝ քննարկելու մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի խնդիրը:

Ավստրիայում Սիրիայի խնդրի շուրջ Քերրիի հանդիպումը հաջորդում է այդ նույն հարցի վերաբերյալ հոկտեմբերի վերջին կայացած նախնական բանակցություններին և հանդիսանում է այդ քաղաքական քննարկումների շարունակությունը:

Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը պնդում է, որ Ավստրիայում բանակցություններում ներգրավված երկրները պետք է ճշգրիտ նպատակ ունենան. «Նկատի ունեմ նրանց, ովքեր Սիրիայում ցանկանում են խաղաղ կարգավորման հասնել, նրանք պետք է դադարեցնեն որևէ զինված խմբի տրամադրվող աջակցությունը այնտեղ: Առաջինը՝ նրանք պետք է կռվեն ընդդեմ ահաբեկիչների, երկրորդը՝ պետք է սիրիացիներին հնարավորություն տան ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները», - ասել է փոխնախարարը:

Սակայն ԱՄՆ-ն և բազմաթիվ երկրներ, ներառյալ Թուրքիան պնդում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի կարող մնալ իշխանության գլուխ, մինչ դեռ Ռուսաստանը և Իրանը շարունակում են ընդդիմանալ Սիրիայի ղեկավարությունում փոփոխությունների իրականացմանը: «Նրանք ցանկանում են բարեփոխումների իրականացում հենց հիմա՝ նախքան սիրիացիների կողմից Սիրիայի քաղաքական ապագայի որոշումը։ Եվ ինչպե՞ս պետք է սիրիացիները համաձայնության գան այս հարցի շուրջ: Կարծում եմ նրանք ձիերը կառքի հետեւից են կապում», - ասել է Սիրիայի փոխարտգործնախարարը:

Ռուսաստանը վերջերս դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Սիրիա զորք ուղարկելու ԱՄՆ-ի ծրագիրը, մեղադրելով վերջինիս իր հետ միջնորդավորված պատերազմի սանձազերծման մեջ:

Նախքան Սիրիական հարցի շուրջ բանակցությունների համար Ավստրիա մեկնելը, Քերրին կայցելի Թունիս, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ամերիկա-թունիսյան ռազմավարական երկրորդ երկխոսությունը: Անցյալ ապրիլին նախնական երկխոսության ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները քննարկել էին բազմաթիվ, այդ թվում՝ տնտեսության, գործընկերության և անվտանգության շուրջ հարցեր,:

Քերրին երեք երկրներ կատարելիք այցը կավարտի Անթալիայում, ուր կմիանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ աշխարհի առաջատար 2Օ երկրների գագաթաժողովի ընթացքում:

XS
SM
MD
LG