Մատչելի հղումներ

Քերրի. «Ռուսաստանի ռազմական միջամտությունը չափազանց թանկ սխալ կդառնա»


«Լիբիայում, Սիրիայում և այլ պետություններում միջամտության դեմ հաճախակի հանդես եկած պետության համար անհրաժեշտ է ականջ դնել նման նախազգուշացումներին, երբ այն քննարկում է ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի դեմ գործողություններ իրականացնելու տարբերակներ»

Միացյալ Նահանգները զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին՝ մատնանշելով, որ ռազմական միջամտությունը «շատ թանկ սխալ» կդառնա: Վաշինգտոնը միաժամանակ հայտարարել է, որ նախատեսում է Կիևին տրամադրել մեկ միլիարդ դոլար ծավալով վարկային երաշխիքների և ֆինանսական այլ օժանդակություն:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Մոսկվային հասցեին նախազգուշացմամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր տագնապով ոտքի հանել 150 հազար զինծառայող՝ Ուկրաինայի սահմանների մոտակայքում մեծածավալ զորավարժությունների անցկացման նպատակով: Այս քայլը դարձել էր Ռուսատանի դաշնակից նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո Մոսկվայի կողմից ձեռնարկած ամենահամարձակ քայլը:

«Լիբիայում, Սիրիայում և այլ պետություններում միջամտության դեմ հաճախակի հանդես եկած պետության համար անհրաժեշտ է ականջ դնել նման նախազգուշացումներին, երբ այն քննարկում է ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի դեմ գործողություններ իրականացնելու տարբերակներ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Ջոն Քերրին նշել է, որ որևէ մեկը չի կարող կասկածներ ունենալ այն մասին, որ «ինքնիշխան Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտող ռազմական ցանկացած միջամտություն շատ մեծ սխալ է լինելու»:

«Կարծում եմ՝ նման որոշումը, ընդունված լինելու դեպքում, էժանագին չի լինելու: Իմ կարծիքով՝ դա բավականին թանկարժեք որոշում կդառնա», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG