Մատչելի հղումներ

Քերին զգուշացրել է Սնոուդենին օգնելու «հետևանքների» մասին


«Առանց որևէ կասկածի, կլինեն որոշ հետևանքներ, ազդեցություն հարաբերությունների վրա: Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանին». Քերի

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզական նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենին օժանդակության տրամադրումը կարող է հետևանքների հանգեցնել:

Քերին ասել է, թե «խորապես մտահոգիչ» կլինի, եթե Ռուսաստանի կամ Հոնկոնգի իշխանությունները, համապատասխան եղանակով տեղեկացված լինելուց հետո, կամայական եղանակով անտեսեն ԱՄՆ-ի կողմից Սնոուդենին կալանավորելու շուրջ գործադրվող ջանքերը:

Սնոուդենին կալանավորելու շուրջ գործողություններ Միացյալ Նահանգները սկսել է գործադրել՝ վերջինիս լրտեսության մեջ մեղադրանքներ ներկայացնելուց հետո:

«Առանց որևէ կասկածի, կլինեն որոշ հետևանքներ, ազդեցություն հարաբերությունների վրա: Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանին», - ասել է արտգործնախարար Քերին, որը կոչ է արել Մոսկվային գործել օրենքների համապատասխան, քանի որ դա, ըստ արտգործնախարարի, բխում է բոլորի շահերից:

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք Ռուսաստանին այնտեղ որոնվող յոթ բանտարկյալ ենք փոխանցել: Կարծում եմ՝ օրենքի կիրարկման ոլորտում փոխադարձությունը մեծ կարևորություն ունի», - ասել է Քերին:

Հանդես գալով Նյու Դելիում Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդի հետ ունեցած հանդիպումից հետո, Քերին պաշտպանել է Սնոուդենի կողմից իրականացված արտահոսքի կենտրոնում գտնվող հետախուզական ծրագիրը:

«Մենք քրտնաջան աշխատանք ենք տանում, երբեմն՝ վտանգի ենթարկելով ինքներս մեզ, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG